Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Թրամփը պահանջում է վերաբացել դպրոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Չորեքշաբթի օրվա ամփոփիչ տվյալներով` Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների ամենաբարձր թիվը մեկ օրում՝ մոտ 62 հազար մարդ։ Մինչ այժմ ոչ մի երկրում մեկ օրվա մեջ COVID-19-ի այսքան շատ դեպք չէր հաստատվել։

Նահանգներից ամենաշատ դեպքերը երեկ արձանագրվել են Տեքսասում և Կալիֆորնիայում։

Չնայած վիրուսի տարածմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դպրոցները պետք է վերաբացվեն։

Նա սպառնացել է ոչ միայն ճնշումներ գործադրել նահանգային իշխանությունների վրա, այլ նաև կրճատել այն դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք կհրաժարվեն վերաբացվել ու աշխատել սովորական ռեժիմով։

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, հակադարձելով Թրամփին, ասել է, որ դպրոցների վերաբացումը նահանգների որոշման հարց է, և նախագահը լիազորություն չունի բացելու դպրոցները։