Ամեն տարի այս օրերին մեկնարկում էր մեր մշակութային ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնը, որն այս տարի մարդկությանը պատուհասած համավարակի պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 1-8-ը, բայց փառատոնի երիտասարդ ղեկավարները, այնուամենայնիվ, վճռել են այս օրերին ևս փառատոնային որոշակի միջոցառուներ անցկացնել, որպեսզի ամառն առանց «Ոսկե Ծիրանի» չմնա:
Ինչպես գիտեք, վաղուց արդեն միջազգային լայն ճանաչում ունեցող փառատոնը բազմաթիվ ծրագրեր է ներառում, որոնց թվում և կինոարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված GAIFF Pr0 նորարարական հարթակի ծրագրերը: Այս տարի դրանք կանցկացվեն հուլիսի 13-16-ը:
Փառատոնի ամառային այլ ծրագրերի մասին «Ազատությունը» զրուցել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ:
«Ազատություն». – Այսօր պետք է մեկնարկեր «Ոսկե Ծիրանը»` մեր ամենասիրված մշակութային իրադարձություններից մեկը: Ի՞նչ կարող եք ասել:
Ավետիսյան. – Նախօրոք հայտարարել էինք, որ տեղափոխվում է նոյեմբեր փառատոնը: Բայց հաշվի առնելով, որ հուլիսը հենց փառատոնային, ոսկեծիրանյան ամիսն է եղել, պլանավորում ենք հուլիսի ընթացքում միջոցառումներ անցկացնել: Իհարկե շատ քիչ և հիմնականում առցանց հարթակում: Մասնավորապես, խոսքը գնում է կրթաարտադրական GAIFF Pr0 հարթակի մասին, որի աշխատանքներն ավելի շատ նախատեսված են ոլորտի մասնագետների համար, որի աշխատանքները կմեկնարկեն 13-ին: Եվ մի քանի օր այդ օնլայն աշխատարանները, հանդիպումները, զրույցները տեղի կունենան, ինչը նույնպես «Ոսկե Ծիրանի» կարևոր մասերից մեկն է եղել: Ինչպես նաև նախատեսում ենք Շարլ Ազնավուրի հրապարակում բացել աստղերը հինգ հայ նշանավոր կինեմատոգրաֆիստների, որոնցից երեք կբացենք նոյեմբեր ամսին, իսկ երկուսը հենց հուլիսին: Մասնավորապես խոսքը գնում է Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերի մասին: Ինչպես նաև անակնկալներ, որոնք շատ մեծ չեն, բայց դրանից պակաս հաճելի չեն դառնում, որոնց մասին արդեն հընթացս կտեղեկանաք:
«Ազատություն». – Այսինքն` հանդիսատեսը դեռ պիտի սպասի...
Ավետիսյան. – Սպասի հասկանալի պատճառներով, որովհետև փառատոնի հիմնական մասը հենց կինոյի դիտումն է, ինչը ոչ փառատոնից կախվա, բնականաբար, հնարավոր չէ այս օրերին: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի շատ երկրներում:
«Ազատություն». – Այնուամենայնիվ, հայտեր ստանո՞ւմ եք:
Ավետիսյան. – Իհարկե, դեռ տարվա սկզբից հայտեր ստացել ենք: Ինչ-որ առումով 2020-ը վերջնական կինոյի բացակայության աչքի չընկավ, որովհետև եղան երկու փառատոներ, որոնք նախորդեցին պանդեմիային: Խոսքը Ռոտերդամի և Բեռլինի կինոփառատոների մասին է: Այնպես որ, բացի հայտերից, ակնկալում ենք նաև որոշ երևանյան պրեմիերաներ, որոնք կլինեն այդ մեծ փառատոներից: Ինչ վերաբերում է հայտերին, ապա հայտերը շարունակում ենք ստանալ, և դրանց քանակը քիչ չի եղել: Ֆիլմերը արդեն պատրաստ էին փառատոներ ուղարկելու համար: Այնպես որ, հայտերը ստացվել են, ընտրության աշխատանքը նույնպես տարվում է, և եթե գոնե մի փոքր կանաչ լույս տրվի նոյեմբերին, ես վստահ եմ, որ լավ ֆիլմերի պակաս չենք ունենա»:
Your browser doesn’t support HTML5