Արման Բաբաջանյանը նախագահին կոչ է անում ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ հանգուցալուծելու ՍԴ ճգնաժամը

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը զրուցում է լրագրողների հետ, 7-ը հուլիսի, 2020թ.

Անկախ պատգամավոր, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է անում ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ հանգուցալուծելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամը։

Պատգամավորն այսօր Բաղրամյան 26-ի առջև համակիրների հետ հայտարարեց, թե չստորագրելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունը՝ Արմեն Սարգսյանն արգելակել է գործընթացը:

«Կասկածներ կան, որ այս քայլը կարող է քաղաքական հիմքեր ունենալ, որովհետև խցանումը, ըստ էության, եղել է նախագահի կողմից՝ այս գործընթացի: Եթե նա որոշել է փաթեթը չուղարկել Սահմանադրական դատարան, մինչև 21-օրյա սահմանված ժամկետը կարող է ազդարարել, որ սկսում է գործընթաց Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար դատավորի թեկնածուների առաջադրման», - նշեց Բաբաջանյանը:

Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններով սահմանվել է նոր դատավորների ընտրության կարգը, ինչպես նաև դատարանի պաշտոնանկ արված անդամների թոշակի հարցը։ Նախագահը, սակայն, չի ստորագրել օրենքը. եթե 21-օրյա ժամկետում նա օրենքը չուղարկի Սահմանադրական դատարան, ապա այն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ։ Հետո նոր միայն կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն թեկնածուներ, որոնց կհաստատի կամ կմերժի խորհրդարանը:

«Դա չափազանց կարևոր գործընթաց է լինելու Սահմանադրական դատարանի ճգնաժամից դուրս բերելու տեսանկյունից, և դրա վերջնական նպատակը պետք է լինի այդ ճգնաժամի ամբողջական հաղթահարումը: Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության գործընթացը լինելու է խիստ, չափազանց դժվար, քանի որ իրապես անկախ ու անաչառ Սահմանադրական դատան ունենալու համար մեզ անհրաժեշտ են մասնագիտական ու բարոյական բարձր, բացառիկ հատկանիշներ ունեցող նոր դատավորներ: Հետևաբար կոչ ենք անում Ձեզ, պարոն նախագահ, օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին», - հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Բաբաջանյանը կարծում է, որ նախագահ Սարգսյանի պասիվությունն այս գործընթացում կասկածներ է հարուցում. - «Չափազանց լուրջ կասկածների առիթ է տալիս քաղաքական շրջանակներում, որ սա քաղաքական նպատակադրում է նախագահի կողմից, որովհետև ակտիվ դերակատարումը, նրա ակտիվությունն այս հարցում ուղղակի պատասխանատու վերաբերմունք կլինի նրա սահմանադրական առաքելության իրագործման նկատմամբ և հարցերի չի առաջացնի: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչ որ 2018 թվականի ապրիլի 21-ին էր, որ Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում էին նախագահին», - նշեց անկախ պատգամավորը:

Ավելի վաղ նախագահի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցել են, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները չստորագրելու մասին որոշումը չեն մեկնաբանում։

Արման Բաբաջանյանը միակ ոչ իշխանական պատգամավորն է, որ կողմ է քվեարկել Սահմանադրական փոփոխություններին։

«Այս դատարանը հանցագործների որջ է, որը թե՛ նախկինում և թե՛ հիմա, մինչ օրս զբաղված է եղել հանցագործության պարտակմամբ: Հիմնավոր կասկածներ կան, որ այն օրը, երբ Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում, Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ նրանց կայացրած որոշումն ուղղակի պատասխան քայլ էր Ազգային ժողովին», - ասաց Բաբաջանյանը: