Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։
Դավիթ Տոնոյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ