ՊԵԿ. Դատարանի որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Միքայել Մինասյանին մեղսագրված արարքների կատարման հիմնավոր կասկածին

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդեն երկրորդ անգամ մերժում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը՝ կալանավորել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Մերժման որոշումը կայացրել է Ավանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։

ՊԵԿ-ից ի պատասխան «Ազատության» հարցմանը` փոխանցեցին, որ այս միջնորդությունը դատարանին քննության ներկայացնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նախաքննական մարմնի կողմից կատարված հետևողական և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք է բերվել բազմաթիվ ապացույցների համակցություն, որոնք հիմք են հանդիսացել Միքայել Մինասյանին մեղսագրել ևս երկու դրվագով հանրորեն վտանգավոր արարքների կատարում:

«2020թ.-ի հուլիսի 5-ին կայացված որոշման հիմք է հանդիսացել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների յուրովի մեկնաբանումը և իրավիճակի գնահատումը դատարանի կողմից, որը որևէ կերպ կասկածի տակ չի դնում Մ. Մինասյանի կողմից՝ մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների կատարված լինելու հանգամանքը: Ավելին, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.07.2020թ.-ի որոշմամբ, և թե Մ. Մինասյանի վերաբերյալ նախկինում՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Մ. Մինասյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման հիմնավոր կասկածին: Այսինքն, մինչ օրս Մ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննարկված ու կայացված դատական ակտերից միայն 06.05.2020թ.-ի դատական ակտով է քննարկել և վերլուծվել Մ. Մինասյանի մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել է իրավաչափ», - ասված է ՊԵԿ-ի պատասխանի մեջ: