ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են հա­մա­ցան­ցի սոց­ցանցերում գրանցել ար­տ­երկրում բնակ­վող հայերի անուններով կեղծ էջեր և ներ­կա­յա­նա­լով որպես գործարար-բա­րե­րարներ, կամ ՀՀ ԶՈւ նախկին զինծառայողներ, ծա­նո­­թու­­թյուն­ներ են հաստատում հայ զինծա­ռա­յող-օգտա­տերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ:

Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ ԶՈւ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում` հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ԶՈւ վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, անհապաղ դիմել ԱԱԾ: