Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել. CRRC-Armenia

Հայաստանցիների շրջանում Ռուսաստանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ընդ որում ապրիլյան պատերազմից հետո անկման տեմպը արագացել է, փաստում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամի անցկացրած սոցհարցումը, որն ամփոփ ներկայացված է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունում։

Սոցհարցումն իրականացվել է այս տարվա փետրվարի 21-ից մարտի 15-ը, թեև ժողովածուն կոչվում է «Կովկասյան բարոմետր - 2019»։

Եթե 2013թ.-ին հայաստանցիների 83 տոկոսն էր Ռուսաստանը համարում Հայաստանի հիմնական բարեկամ-երկիր, ապա 2015թ.-ին՝ 75 տոկոսը, 2017թ.-ին՝ 63 տոկոսը (տեսնում ենք՝ ապրիլյան պատերազմից հետո անկումը արագացել է), դե իսկ այս տարվա հարցման արդյունքում՝ Ռուսաստանը հիմնական բարեկամ երկիր է համարել հայաստանցիների միայն 57 տոկոսը։ Միևնույն ժամանակ այս թվերով Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանին բարեկամ-երկիր համարվող պետությունների ցանկը։

Այսպիսով, 2013թ.-ից ի վեր 26 տոկոսային կետով նվազել է այն հայաստանցիների թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են հիմնական բարեկամ-երկիր։

Ընդ որում, ինչպես վկայում են հարցման արդյունքները, հայաստանցիների նոր սերնդի շրջանում Ռուսաստանն ավելի քիչ հեղինակություն ունի, քան տարիքով ավագների մոտ։ Հարցումն անցկացվել է տարիքային երեք խմբում՝ 18-35 տարեկաններ, 36-55 և 56 տարեկանից բարձր անձանց խմբում։ 18-35 տարեկան հայաստանցիների 52 տոկոսն է Ռուսաստանը համարել հիմնական բարեկամ-երկիր, 36-55 տարեկանների խմբում այդ թիվը կազմում 60 տոկոս, դե իսկ 56 տարեկանից բարձր հայաստանցիների 59 տոկոսն է համարել Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր։

Մայրաքաղաք Երևանում Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր են համարել հարցվածների 47 տոկոսը, Հայաստանի այլ քաղաքներում՝ 57 տոկոսը, իսկ գյուղերում՝ 66 տոկոսը։

Տղամարդկանց 59 տոկոսն է Ռուսաստանը հիմնական բարեկամ-երկիր համարել, կանանց 55 տոկոսը։

Ստեփան Գրիգորյան, արխիվ


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի նման՝ կտրուկ անկումը նախևառաջ հարկավոր է բացատրել տարածաշրջանում Կրեմլի վարած քաղաքականությամբ՝ միլիարդավոր դոլարների հասնող հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջան, որը Բաքուն օգտագործեց հայկական Զինված ուժերի դեմ ապրիլյան պատերազմի օրերին, և Թուրքիայի հետ վերջին շրջանում հարաբերությունների ջերմացմամբ։

«Ռուսաստանը գնում է կոշտ ավտորիտար ռեժիմ զարգացման, Հայաստանը` դեպի ժողովրդավարություն: Ինչքան էլ պրոբլեմներ մենք չունենանք, այնուամենայնիվ Հայաստանը գնում է և վերջին տարիները, և հեղափոխությունից ավելի ժողովրդավարական ճանապարհով: Պարզ է` դա օբյեկտիվ խոչընդոտ է մեր հարաբերությունների լավացմանը, բայց նաև իրոք կոնկրետ գործոններ մեծ դեր խաղացին: Դուք նշեցիք երկուսը, ես ուզում եմ գումարել նաև գազի գործոնը: Պատկերացնում եք` կորոնավիրուս է, պատկերացնում եք, որ մեզ աջակցում են նույնիսկ փոքր երկրներ Լիտվայի չափի, դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի «Գազպրոմը» բարձրացնում է նորից գինը մեր քաղաքացիների համար, գազի գինը, մինչդեռ միջազգային շուկաներում այդ գինը կտրուկ անկում է ապրում», - նշեց Գրիգորյանը:

Այս տարվա հարցման արդյունքում հայաստանցիների 12 տոկոսը Ֆրանսիան է համարել հիմնական բարեկամ-երկիր, ընդ որում 2013թ., 2015թ. և 2017թ.-ին Ֆրանսիային հիմնական բարեկամ-երկիր են համարել հայաստանցիների 5 տոկոսը, և այս ցուցանիշով եվրոպական այդ երկիրը, փաստորեն, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանից հետո։

Երրորդ տեղում է հայտնվել Վրաստանը՝ չորրորդ տեղում թողնելով Իրանին։ Հայաստանցիների 4 տոկոսն է համարել Վրաստանը հիմնական բարեկամ երկիր։ 2013թ.-ին այդ թիվը 2 տոկոս էր, 2015թ.՝ դարձյալ 2 տոկոս, դե իսկ 2017թ. հայաստանցիների 3 տոկոսն էր Վրաստանը համարել հիմնական բարեկամ-երկիր։

Ինչ վերաբերում է հիմնական թշնամի-երկիր կարգավիճակին, ապա այս տարի հայաստանցիների գերակշիռ մասը՝ 75 տոկոսը, այդպիսին համարել է Ադրբեջանը, 22 տոկոսը՝ Թուրքիան, իսկ 1 տոկոսը` Ռուսաստանը։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հիմնադրվել է 2003թ.-ին ամերիկյան Eurasia Partnership Foundation-ի կողմից՝ Նյու Յորքում ավելի քան մեկ դար գործող հեղինակավոր Carnegie Corporation-ի ֆինանսական աջակցությամբ։ 2013թ.-ից կազմակերպությունը ֆորմալ բաժանվեց երեք՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գործող մասերի։ Երևանում գործող կառույցը կոչվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամ։