Խորվաթիայի ընտրություններում հաղթել է իշխող ուժը

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը մասնակցում է ընտրություններին, 5-ը հուլիսի, 2020թ.

Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող պահպանողական կուսակցությունը՝ «Խորվաթական ժողովրդական ընկերակցությունը»։

Վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած քաղաքական ուժը ստացել է խորհրդարանի 151 մանդատներից 68-ը, մեծությամբ երկրորդ ուժը սոցիալ-դեմոկրատներն են՝ 42 մանդատով, խորհրդարան անցած երրորդ ուժը հայտնի երաժիշտ Միրոսլավ Շկորոյի ղեկավարած կուսակցությունն է, որին բաժին է հասել 15 մանդատ:

Համաճարակի պայմաններում կիրակի օրը անցկացված քվեարկությանը ընտրողները մասնակցել են դիմակներով և օգտվել սեփական գրիչներից:

4 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Խորվաթիայում համաճարակային իրավիճակը համարվում է վերահսկելի, պաշտոնական տվյալների համաձայն, երկրում վարակվել է շուրջ 3 հազար մարդ, մահացել՝ 110-ը: