Ռեփեր Քանյե Վեսթը մտադրություն է հայտնել առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Վեսթը` ոչ պակաս հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, սոցցանցերով հայտարարել է, թե մտադիր է պայքարի մեջ մտնել ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու համար։

«Մենք հիմա պետք է Աստծո հավատով կյանքի կոչենք Ամերիկայի խոստումները, միավորելով մեր տեսլականը և կերտելով մեր ապագան՝ ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու», - Թվիթերի իր էջում գրել է ռեփերը։

Գրառումը Քանյե Վեսթը կատարել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի անկախության օրը։ Մի քանի ժամվա ընթացքում նրա գրառումը հարյուր հազարավոր ռե-թվիթ ու լայքեր է ստացել։ Նրան պաշտպանող մեկնաբանությունների շարքում կա նաև Իլոն Մասկի անունը։ «Դուք ունեք իմ լիակատար աջակցությունը», - գերել է էլեկտրամեքենաների «Տեսլա» ընկերության, տիեզերագնացության SpaceX ընկերության հիմնադիրը։

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու Թվիթին պատասխանել է՝ տեղադրելով Ամերիկայի դրոշը։

Քանյե Վեսթի երկրպագուներին մնում է գուշակել, թե որքան լուրջ է նրա հայտարարությունը: Դեռ ժամանակ կա անկախ թեկնածու գրանցելու համար, բայց այդ ժամանակը քիչ է: Մեկ էլ տեսար հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատական Ջո Բայդենի կողքին հայտնվի ռեփեր թեկնածուն։

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Քանյե Վեսթը նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել: Նա այդ մասին առաջին անգամ հայտնել էր ուղիղ հինգ տարի առաջ, Հայաստան կատարած այցից հետո։

2015 թվականի ապրիլին Քանյե Վեսթն ու Քիմ Քարդաշյանը ընտանիքով այցելել էին Հայաստան։ Հայերի ուշադրությունն ավելի շատ սևեռված էր Քարդաշյանի վրա, բայց մի օր հայտի ռեփերը դուրս էր եկել բազմության մեջ ու ցատկել Կարապի լիճը։

Հայաստանյան այցի հիմնական առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, Քիմ Քարդաշյանի այցից հետո համաշխարհային մամուլը բավականաչափ գրեց այդ մասին։ Իսկ մի քանի ամիս անց Քանյե Վեսթը ասել էր, թե մտադիր է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին։ Այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման հումորա-խրատական ոճի մեջ մի շարք խորհուրդներ էր ուղղել հայտնի երգչին։

Անցած տարիներին Քանյե Վեսթը իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են գալիք աշնանը՝ նոյեմբերի 3-ին։