Covid-19. Իրավիճակն Իսրայելում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ սրվել է

Իսրայել- Ռեստորանի մուտքի մոտ այցելուները ջերմաչափվում են, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակն Իսրայելում դառնում է անկառավարելի, այսօր առավոտյան վկայակոչելով մի շարք առաջատար բժիշկների կարծիքները` գրում է հեղինակավոր «Մաարիվ» պարբերականը: Ըստ հոդվածի հեղինակի` բժիշկներն այլևս չեն կարող օգնություն ցուցաբերել հիվանդներին, որովհետև նրանց թիվը արագ աճում է, իսկ Առողջապահության նախարարության քարտուղարներն արդեն վախենում են հեռախոսների տարափին պատասխանել ու բոլորի թեստավորման պահանջները կատարել:

Նախարարության հրապարակած թվերի համաձայն` 1815 բուժաշխատող գտնվում է կարանտինի մեջ կամ բուժվում է, որը մեծ հարված է համակարգի նորմալ գործունեությանը: Իրավիճակը երկու շաբաթվա ընթացքում կտրուկ սրվել է Իսրայելում, և պատճառն, ինչպես նշում են կառավարությունում, բնակչության անպատասխանատու մոտեցումն է նաև, երբ 500 շեկել` մոտ 144 ԱՄՆ դոլար տուգանք չվճարելու համար մարդիկ դիմակները կրում են բերանի վրա, ու արդյունքում կա հետևյալ պատկերը:

Վերջին օրերին թվերի եռապատկում տեղի ունեցավ, օրինակ` հուլիսի 2-ին գրանցվել էր 1138 նոր վարակակիր: Երեկ ոչ աշխատանքային օր էր, արձանագրվել է 737 նոր դեպք, թեստավորվել էր 20 հազար 912 քաղաքացի: Բուժում են ստանում 11 հազար 24-ը, որոնցից 45-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 331 մարդ մահացել է: Համաճարակի սկզբից վարակվել է 29 հազար 170 մարդ:

Նման իրավիճակում երեկ Իսրայելի բոլոր զբոսայգիներն ու լողափերը լի էին կամ դիմակ չկրող, կամ սխալ` բերանի վրա դիմակ դրած քաղաքացիներով: Միաժամանակ հուլիսի 1-ին Իսրայելի Քնեսեթն օրենք ընդունեց ու թույլատրեց «Շաբաքին»` ներքին հետախուզությանը հետևել մարդկանց հեռախոսներին, ու որտեղ եղել են վարակակիրներ, հազարավոր քաղաքացիներ ստանում են հաղորդագրություններ` անմիջապես մեկուսանալ տանը 14 օր:

Երեկ Երուսաղեմի Մեա Շառիմ թաղամասում, որտեղ բնակվում են միայն օրթոդոքս հրեաներ, ու որոնց մոտ շատ բարձր է վարակվածների թիվը, Բնեյ Բռակ քաղաքի Յեշիվաներից մեկում միանգամից 140 հիվանդ էին ախտորոշել, ոստիկանությունը փորձել էր տուգանել մի կնոջ, ով առանց դիմակի էր փողոցում, և մի քանի հոգի հարձակվել էին ոստիկանների վրա ու քարկոծել նրանց, այրել աղբամանները, որից հետո ոստիկանությունը ձերբակալել էր իրավախախտներին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդի` մեկուսացման կանոնները խախտելը 5000 շեկելի` մոտ 1400 ԱՄՆ դոլարի տուգանքի է ենթարկվում:

Ինչ վերաբերում է հայերի շրջանում տիրող իրավիճակին, ապա Երուսաղեմում ամիսներ շարունակ նույն իրավիճակն է, համայնքը ինքնամեկուսացած է մարտ ամսից, այստեղ հիվանդների ու վարակակիրների մասին չի հաղորդվում: Երկրի կենտրոնում իրավիճակը լարված է, շատ հայեր կան, որ արդեն վարակակիր են, բայց նրանց առողջությանը վտանգ չի սպառնում, Առողջապահության նախարարությունն օրական կտրվածքով երկու անգամ կապ է հաստատում նրանց հետ, բոլորին բաժանվել են անվճար թթվածնի տոկոսն արյան մեջ 24-ժամյա ռեժիմով ստուգող սարքեր: Ծանր թոքաբորբով հոսպիտալացվածներ չկան: Շատ հայեր նաև կարանտինի մեջ են, բայց թեստերի պատասխանները բացասական են: Խոսքը հիմնականում Իսրայելի կենտրոնի մի քանի քաղաքներում բնակվող հայերի մասին է:

Հարավում իրավիճակը հանգիստ է, ինչ վերաբերում է Հայֆային, ապա այստեղ հայերի շրջանում խուճապ չկա, վարակակիրներ ևս չկան: Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը շարունակում է պարբերաբար այցելել միայնակ ծերերին ու նաև օգնել նրանց:

«Չի կանգնել այդ պրակտիկան, այսինքն` ծերերին այցելությունը և նրանց կարիքները հոգալը, որովհետև մեր ծերերը, երբ տեղեկանում են կորոնավիրուսի դեպքերի շատացման մասին, կարելի է ասել` պանիկայի մեջ են ընկնում, և շատերը նույնիսկ վախից եկեղեցի չեն հաճախում: Ես պարբերաբար այցելում եմ իրենց, և փորձում ենք իրենց տրամադրությունը բարձր պահել և հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, պարզապես պետք է զգույշ լինեն, որպեսզի ուղեկցվող հիվանդություններով վնաս չհասցվի իրենց առողջությանը», - ասաց նա:

Հոգևոր հովիվը հետաձգում է բոլոր հավաքներն ու բնական է համարում նման որոշումները. - «Առիթներ եղել են և չեն կատարվել, այսինքն` պատճառներ եղել են, որպեսզի հավաքույթ կազմակերպենք թե ակումբում, թե եկեղեցում, սակայն հետաձգել ենք բոլոր խնջույքներն ու հավաքույթները` ուղղակի համայնքը պաշտպանելու և վիրուսից հեռու պահելու համար, և դա շատ բնական է և բոլորի կողմից էլ ողջունվել է, որովհետև իրոք բոլորն էլ մտահոգ են իրենց առողջության համար»:

Որոշակի փոփոխություններ մարդկանց ինքնագիտակցության մեջ կան, գտնում է հոգևորականը, սակայն ոչ բավարար. - «Եթե սկզբում շատ ավելի անլուրջ էին վերաբերվում, հիմա որոշակի մարդկանց քանակություն, այդպես կարելի է ասել, սկսել է լուրջ վերաբերվել այս վիրուսին, որովհետև իրենց հարազատների շրջանակում էլ են արդեն վարակվածներ գրանցվել, սակայն նորից պետք է շեշտեմ, որ ընդհանուր անհոգության միտում կա: Օրինակ` արաբական մեր այս շրջանում, մոտավոր ասեմ, 10 հոգուց 3 հոգին է դիմակ կրում»:

Բայց ծովափերում, օրինակ, մեքենան կայանելու տեղ գրեթե չկա, ու հոգևորականը մտահոգված է մարդկանց անպատասխանատու վարքագծով: Նկատում է` մեր ժողովուրդների մոտ կան նմանություններ, և դրանք նպաստում են վարակի շեշտակի տարածմանը Հայաստանում և Իսրայելում. - «Այո, նմանություններ կան մեր ժողովուրդների միջև. մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն սկսում լուրջ վերաբերվել տվյալ երևույթին, այս դեպքում կորոնավիրուսին: Երբ իրենց հարազատների կամ ծանոթների մեջ արդեն վարակվածներ կամ դժվար իրավիճակում գտնվողներ են լինում, այդ ժամանակ արդեն սկսում են զգուշանալ: Պետք է ուղղակի մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել սեփական առողջությունը խնայելու գաղափարը և նաև սեփական առողջությունը խնայելով` մյուսների կյանքը խնայել»: