Գյումրիի ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին։ Այսօր լրանում է 27 տարի առաջ մահացած գյումրեցու 90-ամյակը, և այդ կապակցությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատվավոր քաղաքացու ոսկե մեդալն ու պատվոգիրը հանձնեց Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրենին։
«Շնորհավորում եմ: Արժանի է, հզոր է, ու զարմանալի, որ մինչև հիմա պատվավոր քաղաքացի չէր», - հայտարարեց Բալասանյանը:
Գյումրիի պատվավոր քաղաքացիներ էին նաև ծնունդով ոչ գյումրեցի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Հեղափոխությունից հետո ավագանու ընդդիմադիր ԳԱԼԱ խմբակցության նախաձեռնությամբ նրանք զրկվեցին այդ կոչումից, ու շատերը դեռ այդ ժամանակվանից հարց էին բարձրացնում, թե ինչու գյումրեցի դերասանը չունի այդ կոչումը։
«Ճիշտն ասած՝ ինձ համար էլ է ամեն ինչ, ասենք, զարմանալի, որ մինչև հիմա մեզ համար, բոլորիս համար շատ սիրելի Մհեր Մկրտչյանը դեռ պատվավոր քաղաքացի չէր: Բայց քանի որ իմացանք, ու 90-ամյակն էր, ասեցինք՝ բերեք էնպես անենք, որ 90-ամյակին գնանք, տանենք հանձնենք թանգարանին, և մի հատ անկյուն ունենա, որպեսզի բոլոր այցելուներին նաև որպես պատվավոր քաղաքացի ներկայացնեն: Եվ էսօր մենք բերել ենք, հանձնում ենք և՛ շքանշանը, և՛ քաղաքապետարանի, նու, ավագանու որոշումը, որ մեր Մհեր Մկրտչյանը, մեր սիրելի Ֆրունզը դարձավ պատվավոր քաղաքացի», - ասաց քաղաքապետը:
Մհեր Մկրտչյանի թանգարանի շենքը փոքր է: Հնարավորության դեպքում այն ավելի մեծ շենք կտեղափոխվի, վստահեցրեց Սամվել Բալասանյանը:
«Շատ փոքր է, եթե հնարավորություն ունենանք ուրիշ, ավելի մեծացնելու շենքը, ուրիշ տեղ տեղափոխելու, նույնիսկ համամիտ եմ, որ տեղափոխենք: Բայց առայժմս յոլա կգնանք, մինչև տեսնենք՝ հիմա շենքեր կազատվեն, տեսնենք: Պետք է որ Ֆրունզը հզոր թանգարան ունենա, էս ամեն ինչը պետք է որ շատ ճոխ լինի, որովհետև այցելուների թիվը երևի թանգարանների մեջ բոլորից շատ Մհեր Մկրտչյանի թանգարանն է», - հայտարարեց քաղաքապետը:
Ֆրունզի բոլոր ֆիլմերը կարելի է անընդհատ դիտել: Իսկ ո՞րն է քաղաքապետի ամենասիրելին: «Բոլորը ֆիլմերը սիրում եմ, բոլորը նայում եմ, հազար անգամ ցույց տան՝ հազար անգամ նայում եմ, բայց դե «Հին օրերի երգ»-ի մեջ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ բան եմ տեսնում ուրիշ, էլի. հստակ գյումրեցի, հստակ, դե նաև որ ընտանիքի պատմությունն է, շատ հետաքրքիր է ինձ համար, որովհետև շատ հարևաններ շատ բաներ են պատմել, էդ իրենց շենքի, և դա տպավորված է, իսկ ֆիլմը լրիվ, նու, Ալբերտը կարողացավ լրիվ ներկայացնել իրենց ընտանիքին: Շատ հետաքրքիր ֆիլմ է», - ասաց Բալասանյանը:
Կորոնավիրուսի պատճառով չգործող թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ասաց՝ անցած տարի այցելուների աննախադեպ մեծ թիվ են ունեցել. - «Անցյալ տարի 14 հազար այցելու թանգարանը ներառեց որպես սիրողական, այսպես ասեմ, այցելուներ՝ չհաշված դպրոցականներին: Ռուսաստանից, արտասահմանյան տարբեր երկրներից մենք հյուրեր ունեցանք: Ոչ մի տարի չի եղել նման հոսք, ինչպես եղավ 2019 թվականին»:
Մելքոնյանի խոսքով՝ հիմա էլ մեծ թվով մարդիկ են ցանկանում այցելել թանգարան, սպասում են, թե երբ կթույլատրվի վերսկսել գործունեությունը: Մհեր Մկրտչյանին պատվավոր քաղաքացու կոչումը այսքան ուշ շնորհելուն էլ այսպես արձագանքեց. - «Գիտե՞ք ինչ, սերը չունի կոչում, սերը ժողովրդինն է: Ես համոզված եմ, որ Մհեր Մկրտչյանը առանց կոչման էլ իր սերն ու վայելքն է նվաճել»:
Կան թևավոր խոսքեր, որոնք ֆիլմերից հետո դարձան շատերի համար կիրառելի: Օրինակներից մեկը սա է. - «Յա տակ դումայու՝ հենց սա», - նշեց թանգարանի տնօրենը: