Արցախը հետամուտ է լինելու իր «տարածքային ամբողջականության վերականգնմանը»

Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի «բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն» ու «տարածքային ամբողջականության վերականգնմանը»։ Այդ մասին ասված է ադրբեջանական կազմավորումների կողմից Մարտակերտի գրավման 18-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

1992 թվականի հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում էին իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ «Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը», - հիշեցնում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ընդհանուր առմամբ, Արցախի տարածքի գրեթե կեսը հայտնվել էր Ադրբեջանի օկուպացիայի ներքո, առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում, ասված է հայտարարությունում:

«Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը», - ընդգծում է Արցախի արտգործնախարարությունը։

Միաժամանակ, առայսօր Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, «գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն», ասված է հայտարարությունում: