Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրոպական միությունը պետք է միասնաբար գործի Չինաստանի հետ հարաբերություններում:
Մերկելը մտահոգություն է հայտնել անվտանգության ասպարեզում Հոնկոնգի վերաբերյալ Պեկինի ընդունած վերջին օրենքի կապակցությամբ:
«Չինաստանը տնտեսական մրցակից է և միաժամանակ ռազմավարական գործընկեր: Չինաստանի հետ հաջող հարաբերություններ հաստատելու և եվրոպական շահերը լավագույնս ներկայացնելու համար Եվրոպան պետք է խոսի հստակ և միասնական ձայնով: Միայն միասին Եվրամիության 27 անդամները կկարողանան ապահովել Չինաստանի հետ շահավետ ներդրումային գործարքներ և հաջողությամբ իրականացնել աշխարհի կլիման պաշտպանելու նախաձեռնությունը»,- ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ Եվրոպայն պետք է Չինաստանի հետ խոսի նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների մասին:
Մերկելի փոխանցմամբ, Չինաստանը պարտավոր է ապահովել Հոնկոնգի բնակիչների իրավունքները և հետևել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին: