Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, հայտնում են լրատվական ծառայությունից:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևոր ձեռքբերումների շարքում նշել է 2019թ. նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, ներկայում իրականացվում է դրանց կիրարկման գործընթացը: Կարևոր է համարել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը:
Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մեր երկրում առաջին անգամ է պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց/թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում, որը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է: