Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է վերանայել երկրի անդամակցությունը Ստամբուլյան կոնվենցիային, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:
Իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր մարմնի նիստում Էրդողանը խոսել է կոնվենցիային Թուրքիայի միանալու հնարավոր չեղարկման մասին:
«Աշխատեք փաստաթղթի վրա և վերանայեք: Եթե ժողովուրդը պահանջում է չեղարկել, ապա այդ ուղղությամբ թող որոշում կայացվի: Թող ժողովրդի կամքով լինի», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու Թուրքիայի որոշումը սխալ էր:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Ստամբուլում 2011թվականի մայիսի 11-ին: Նույն թվականին Թուրքիան ևս միացել է կոնվենցիային՝ այն վավերացնելով մեկ տարի անց՝ 2012 թվականի մարտի 12-ին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից: