«Բարսելոնայի» առաջատար ռմբարկու և ավագ Լիոնել Մեսսին հրաժարվել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններից և 2021 թվականին, երբ կսպառվի գործող պայմանագրի ժամկետը, կարող է հեռանալ կատալոնական թիմից:
«Կադենա Սեր» իսպանական ռադիոկայանի փոխանցմամբ, Մեսսին չի ուզում շարունակել կարիերան «Բարսելոնայում»:
Մեսսին անցած ամիս նշել է ծննդյան 33-ամյակը: Մադրիդի «Ատլետիկո» ակումբի հետ խաղում նա խփել է իր 700-րդ գոլը, սակայն հանդիպումն ավարտվել է ոչ ոքի, ինչից հետո «Բարսելոնան» հայտնվել է երկրորդ տեղում:
Լա Լիգայի առաջնությունը շարունակվում է, առաջին տեղում 4 միավորի առավելությամբ Մարիդի «Ռեալն» է, որն անցած տուրում 1-0 հաշվով հաղթել է «Գետաֆե» թիմին:
Մեսսին և «Բարսելոնան» առայժմ չեն մեկնաբանել «Կադենա Սեր» ռադիոկայանի հաղորդագրությունը:
Նախկինում Մեսսին երբևէ հրապարակավ չի խոսել «Բարսելոնայի» թիմակիցների կամ ակումբի ղեկավարների մասին, սակայն անցյալ տարի մի քանի անգամ քննադատել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին` ասելով, թե նրա նախաձեռնությամբ է իրականացվել գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու արշավը:
Այս տարվա փետրվարին էլ Մեսսին Mundo Deportivo մարզական պարբերականի հետ զրույցում ասել է, որ «Բարսելոնան» «պատշաճ մակարդակի մարզավիճակում չէ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը շահելու համար»:
Ապրիլին էլ Մեսսին քննադատել է թիմակիցներից մի քանիսին, ովքեր մերժել են կորոնավիրուսի համավարակից բխող ֆինանսական բարդությունները մեղմելու նպատակով աշխատավարձը կրճատելոու առաջարկը: