Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը քննող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծելու համար դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»: