ԵՄ-ն կոչ է անում Մոսկվային հետաքննել հանրաքվեի ընթացքում թույլ տրված խախտումները

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հետաքննել նախօրեին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումների մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ խոսնակ Փիթեր Ստանոն։

«Խախտումների մասին մի շարք պնդումներ են հնչել։ Խոսքը մասնավորաբար պարտադրված քվեարկության դեպքերի, կրկնակի քվեարկության, քվեարկության գաղտնիության խախտումների, ինչպես նաև տեղամասերից մեկում հանրաքվեի ընթացքը դիտարկող լրագրողի նկատմամբ ոստիկանական բռնության կիրառման մասին է», - նշել է Ստանոն՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի իշխանությունները կհետաքննեն այս մեղադրանքները, քանի որ դրանք «լուրջ բնույթ են կրում»։