Մեկնարկում են բուհական ընդունելության միասնական քննությունները

Այսօր օտար լեզվի քննությամբ մեկնարկեցին բուհական ընդունելության միասնական քննությունները։ Չնայած երեկ թե՛ վարչապետը, թե՛ կրթության նախարարը հորդորել էին չուղեկցել դիմորդներին՝ կուտակումներից խուսափելու համար, միևնույն է ծնողները ասում էին՝ չգալ չէին կարող:

Քննական տեղամասերի բակում սահմանված գծանշումների մոտ սպասող դիմորդները միայն ջերմաչափվելուց հետո էին մուտք գործում քննասենյակ: Թիվ 14 դպրոցում 37-ից բարձ ջերմություն ունեցողներ չկային: Ինչը մեծ հաջողություն էր՝ հաշվի առնելով արևոտ եղանակն ու դիմորդների հուզմունքը:

«Նման դեպքերում սովորաբար չափում ենք երկրորդ, երրորդ անգամ, եթե մինչև քննության սկսվելը դիմորդի ջերմությունն իջնում է, մենք թույլ էինք տալու մասնակցել քննությանը, իսկ եթե՝ ոչ, բժշկի արձանագրությամբ, փաստորեն, դիմորդն իրավունք չուներ մասնակցելու քննությանը», - ասաց ԳԹԿ ներկայացուցիչ Աղավնի Մուրադյանը:

Քննասենյակում սպասող դիմորդները խոստովանում են՝ բոլորին էլ ծնողներն ուղեկցել են, ու միանգամից հավելում՝ բայց պահել են հակահամաճարակային բոլոր կանոնները:

Այս տարի 12 հազար դիմորդ կա, 2000-ով ավելի, քան նախորդ տարի: Նրանց շարքում քիչ չեն նախորդ տարիների շրջանավարտները:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միայն մեկ՝ մասնագիտական առարկայի քննություն: Նախկինում երկու կամ երեք քննություն էին հանձնում:

Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոստովանում է՝ չի կարող պնդել, որ սա ընդունելության քննության անցկացման լավագույն տարբերակն է, միևնույն ժամանակ նկատում՝ ստեղծված իրավիճակն այլ ելք չի թողել։

«Ընդհանրապես որևէ ընդունելության քննության չանցկացումը շատ ավելի մեծ ռիսկեր էր պարունակում ընդունելության օբյեկտիվության ապահովման տեսանկյունից, իսկ այժմ ընտրելով մեկ հիմնական մասնագիտական առարկա, ըստ այդ մասնագիտությունների խմբի, այնուամենայնիվ, ունենք հնարավորություն ստուգելու դիմորդների գիտելիքները և այդ մրցույթային եղանակով ապահովելու: Իհարկե, արդեն հավասար միավորների պարագայում կունենանք լրացուցիչ գործոններ, որ հաշվի կառնվեն», - ասաց Անդրեասյանը:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է՝ միայն մեկ միասնական քննություն հանձնելու որոշումը բազմաթիվ ռիսկեր ունի: Այս տարբերակով հնարավոր է չէ առավել ամբողջական և օբյեկտիվ պատկեր ունենալ:

«Այն ֆակուլտետներում, որտեղ կա մրցակցություն, բավական դժվար է լինելու ընդունվել անվճար տեղերում. մեկ քննության պարագայում մրցակցությունն ավելի ուժեղանում է: Հետո ասենք մի քննության դեպքում առարկաների կոմբինացիան իջեցվում է նվազագույնի, նախկինում դիմորդը կարող էր ասենք երեք քննության հանձնել, մրցույթից դուրս մնալ և այդ քննությանների այլ կոմբինացիայով ընդունվել մեկ տեղ», - ասաց Խաչատրյանը:

Հաջորդ տարբերակն, ըստ փորձագետի, մեկ օրում միաժամանակ երկու քննություն հանձնելն էր, ինչպես արել են Ֆրանսիական համալսարանում, սակայն այս տարբերակն էլ դիմորդների առավել մեծ պատրաստվածություն է ենթադրում:

«Լավ տարբերակ է, բայց այստեղ որոշակի դժգոհություններ կլինեին դիմորդներից, որովհետև ընդամենը երկու ամիս առաջ քննությունից խաղի կանոնը նման ձևով փոխելը կարող է խնդիր առաջացնել», - նշեց Սերոբ Խաչատրյանը:

Քննության արդյունքները կհրապարակվեն քննական կենտրոնում քննությունը հանձնելուց 3 օր հետո, որից հետո դիմորդը կարող է բողոքարկել գնահատականը օնլայն համակարգով։

ԳԹԿ-ից փոխանցում են՝ ամենապահանջվածը IT ոլորտի մասնագիտություններն են և իրավաբանությունը։ Վերջին տարիներին, սակայն, նվազել է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմողների թիվը։ Դիմորդների խնդիր ունեն բնագիտական ֆակուլտետները։