Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է հաստատվել

COVID-19-ի ախտորոշման՝ Հայաստանում արտադրված թեստեր, հունիս, 2020թ.

Արցախում կորոնավիրուսի ևս 6 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 125-ի:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Եվս 70 մարդ մեկուսացված է:

Բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ չի փոխվել՝ ապաքինվել է 101 քաղաքացի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք Արցախում չի արձանագրվել:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: