Նախագահը չի մեկնաբանում ՍԴ մասին օրենքի փոփոխությունների փաթեթը չստորագրելու որոշումը

Նախագահի աշխատակազմից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը Հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունեն:

«Ազատությունը» նախագահի աշխատակազմից հարցրել էր, թե ինչո՞ւ նախագահը որոշեց չստորագրել օրենքները, արդյո՞ք վիճահարույց է համարում գործընթացը, թե՞ այլ պատճառ կա:

Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի ստորագրելու, բայց չի հստակեցրել դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ:

Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով: Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը: