Մխիթարյանը երկարաձգել է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական «Ռոմա»-ում առնվազն մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը, իտալական ակումբը հայտարարել է, թե պայմանավորվել են «Արսենալ»-ի հետ երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։

«Կա նաև նախնական համաձայնություն հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ», - հայտարարել է «Ռոմա»-ն։

«Երջանիկ եմ, որ մնում եմ», - Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը, հավելելով. «Դեռ բաներ կան, որոնց այստեղ չեմ հասել, և ակնկալում եմ, որ այս մրցաշրջանը կավարտենք բարձր արդյունքներով»։

«Ռոմա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում էլ կիսապաշտպանը պնդել է. «Առաջնության վերսկսումից հետո այդքան էլ լավ հանդես չեկանք, բայց չենք հանձնվում, դեռ 10 հանդիպում ունենք, և հնարավորինը կանենք, որ շատ միավորներ վաստակենք»: