Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Վերջինս չի բացառել, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
«Վաղը՝ կառավարության նիստից հետո առողջապահության նախարարը կներկայացնի մանրամասներն ու պարզաբանումները», - գրել է Տոկաևը Թվիթերում։
Ղազախստանը երկրորդ անգամ է դիմում խիստ սահմանափակումների․ առաջին անգամ կարանտին էր հայտարարվել մարտի կեսերից, մոտ երկու ամսով։ Դրանք չեղարկելուց հետո, սակայն, վարակակիրների թիվը սկսել էր կրկին ավելանալ։ Վերջին օրերին երկրում օրական մոտ 500 դեպք է գրանցվում, ընդհանուր ցուցանիշն արդեն անցել է 22 հազարից, մահացել է 188 մարդ։