ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում մեկնարկեց փողոցաշինության ծրագրի երկրորդ փուլը

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով այսօր Գյումրիում տրվեց փողոցաշինության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը:

Այս տարի միայն վարկային այս ծրագրով Գյումրիում 13 կիլոմետր ճանապարհ կհիմնանորոգվի: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով, կառավարության սուբվենցիոն ծրագրով ևս փողոցներ կնորոգվեն:

«Սուբվենցիոն ծրագիրը, որը 17 փողոցներ է, մենք շուտով կունենանք արդեն արձանագրություն, կառավարության համաձայնությունը և մրցույթները կհայտարարենք», - ասաց Բալասանյանը:

Հարցին, թե ընդհանուր քանի՞ կիլոմետր և քանի՞ ճանապարհ է վերանորոգվելու, Գյումրիի քաղաքապետը պատասխանեց. «Ուրեմն 13 կիլոմետր ՎԶԵԲ-ն է, 6 կիլոմետր սուբվենցիոն ծրագիրն է, և երևի թե 3 կիլոմետր կլինի Համաշխարհային բանկը»:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ Գյումրիից բացի ճանապարհաշինական այլ մեծ ծրագրեր ևս մեկնարկել են: Վանաձորն ու Գյումրին իրար կապող ճանապարհ է նորոգվում։ Ուսումնասիրվում է նաև Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածը:

«Մոտ 30 կիլոմետր ճանապարհ, որը հնարավոր է միջին նորոգմամբ բարեկարգել: Հիմա մեր գործընկերները, մեր աշխատակիցները աշխատում են, եթե եզրակացություն լինի, որ միջին նորոգմամբ հնարավոր է այնտեղ աշխատանք կատարել, մենք այս տարի կսկսենք և կավարտենք նաև այդ ճանապարհը», - ասաց Պապիկյանը:

Այս պահին Գյումրին Երևանին կապող հիմնական ճանապարհի՝ Հյուսիս-հարավ մայրուղում շինարարական աշխատանքներ չեն ընթանում: Թե ե՞րբ կվերսկսվեն աշխատանքները, նախարար Պապիկյանը չկարողացավ հստակ ժամկետ նշել, քանի որ հարուցված քրեական գործեր կան:

«Բարդություններ կան, բարդությունները կապված են նրա հետ, որ նախ մի կողմից առանց փորձաքննության մենք չենք կարող նոր կապալառու ընկերություն ներգրավել, և քանի որ Քննչական կոմիտեն զբաղվում է այդ աշխատանքներով, հիմա որոշակի հարցեր կան, որ այս փուլում դեռ չենք կարող առաջ շարժվել: Միևնույն ժամանակ միջազգային արբիտրաժում կառավարության աշխատակազմի համապատասխան խումբը զբաղվում է արբիտրաժային դատական պրոցեսով», - ասաց նախարարը:

Թալին Գյումրի հատվածում էլ շինարարության շարունակելուն համավարակն է խանգարում: Շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» կազմակերպության աշխատակիցները Չինաստանից Հայաստան գալ առայժմ չեն կարող:

«Չինացիների հետ, «Սինոհիդրո» ընկերության հետ խնդիրը կայանում է նրանում, որ հունվարին նրանք գնացել են նշելու իրենց Ամանորը և հայտնի համավարակի պատճառով այս փուլում դեռևս չեն կարողացել վերադառնալ: Մեր կողմից արդեն իսկ հաստատվել է ծածկի փոփոխության հրահանգը, այն է՝ ասֆալտ-բետոնի փոխարինումը, որը ենթադրում է, որ մեր գործընկերներն այլևս որևէ կերպ հապաղելու խնդիր չունեն, եթե հնարավորություն տա իրենց պետությունը, որպեսզի կարողանան գալ Հայաստան, շինարարությունը կշարունակվի: Մենք այս տարի նախատեսել էինք իրականում Լանջիկ-Գյումրի, Թալին-Լանջիկ հատվածը գոնե մի ուղղությամբ ավարտել, դա հնարավոր էր ֆիզիկապես, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք», - նշեց Սուրեն Պապիկյանը:

Մոտ 2 տարի ռուսական կողմի հետ բանակցություններ էին տարվում, որ դեպի Անիի ավերակներ տանող Խարկով գյուղի մուտքի ու ելքի անցագրային ռեժիմը թեթևացվի: Ավելին՝ խոսք էր գնում նաև սահմանային ուղեկալի տեղափոխման մասին: Ծրագիրը ո՞ւր է հասել հետաքրքրվեցինք նախարարից:

«Այս պահին նախագիծը պատրաստ է, մենք ունենք վերջնական նախագիծը: Ուղղակի այս պահին ժամկետ չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ հիմնական կարևոր հարցը այն թույլտվությունները, որ պետք է ստանայինք, այն նախագիծը, որ պետք է արվեր մեր կողմից արվել է: Հիմա շինարարական աշխատանքների ժամկետի ու ճիշտ փուլի որոշումն է, որն այս պահին չունենք այդ որոշումը, բայց առաջիկայում դրա մասին կարող ենք խոսել», - պատասխանեց նա: