Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև օրենքի վերաբերյալ հնչած մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել նախագահին, վերջինս էլ քննարկումներ է ունեցել իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:
«Նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու», - փոխանցում են նախագահի աշխատակազմից և հավելում.
«Ցավոք, հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:
Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա: Հետևաբար, նախագահը ստորագրել է Օրենքը»:
Նշվում է նաև, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Արմեն Սարգսյանը շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը: