Հուլիսի 1-ը Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկության վերջին օրն է, և այսօր նախագահ Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով, որով բոլոր ռուսաստանցիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը:
«Բոլորիդ ձայնը կարևոր է: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե ռուսաստանցիների կողմ քվեարկեն», - այսօր ասել է Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում «Սովետական զինվորի» նորաբաց արձանի ֆոնին:
Սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը մեկնարկել է հունիսի 25-ին և կավարտվի վաղը` հուլիսի 1-ին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկությունն այս անգամ անցնում է ոչ թե մեկ օրում, այլ մեկ շաբաթում: Բացի այդ, Ռուսաստանում առաջին անգամ Մոսկվայի և Նիժնի Նովրոգորդի մարզի բնակիչների համար կազմակերպվել է նաև էլեկտրոնային քվեարկություն:
Էլեկտրոնային քվեարկության համար գրանցվել էր մեկ միլիոնից ավելի մարդ, որոնց 90 տոկոսը, ինչպես այսօր հայտարարել է երկրի ԿԸՀ-ն, արդեն քվեարկել է: Երեկվա տվյալներով, ընդհանուր առմամբ քվեարկության մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ռուսաստանցիների շուրջ 37 տոկոսը:
Ռուսաստանյան անկախ մամուլը գրում է բազմաթիվ խախտումների մասին` բյուջետային աշխատողներին պարտադրում են քվեարկել, ապօրինաբար ավելացնում են մասնակիցների թիվը: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան երեկ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները` ասելով, որ իշխանությունների կողմից քվեարկությանը մասնակցության անհրաժեշտ քանակի մասին ոչ մի ցուցում չի եղել, որ օրենքը չի ենթադրում մասնակցության շեմ:
Այդուհանդերձ, մի շարք աղբյուրներ պնդում են, որ Կրեմլից ընտրատեղամասերի ղեկավարներին հրահանգել են ապահովել ընտրողների 50 տոկոսից ոչ ցածր մասնակցություն:
Երեկ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է էքսիթ-փոլի առաջին տվյալները` նշելով, որ քվեարկության մասնակցած ռուսաստանցիների 76 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին:
Ռուսական համացանցում բոլորովին այլ պատկեր է: Ռուսաստանցիները գրում են, որ դեմ են փոփոխություններին, տարբեր զվարճալի լուսանկարներ են տեղադրում:
Ռուսաստանյան ընդդիմությունն այս անգամ էլ չի կարողացել ընդհանուր ռազմավարություն մշակել: Մի մասն ասում է, թե քվեարկությունը պետք է բոյկոտել, մյուս մասը`թե պետք է գնալ ընտրատեղամաս և դեմ քվեարկել: «Յաբլոկո» կուսակցությունը ներկայացնող Լև Շլոսբերգը, օրինակ, պնդում է, որ պետք է անպայման մասնակցել քվեարկությանը. – «Ես քվեարկում եմ Պուտինի դեմ: Իմ ձայնը միայն ինձ է պատկանում, ես չեմ ուզում Պուտինին նվիրել իմ ձայնը` չմասնակցելով քվեարկությանը, կգնամ և կասեմ ոչ»:
Ընդդիմության թերևս ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչ Ալեքսեյ Նավալնին հակառակ տեսակետ ունի. նա կոչ է անում բոյկոտել համաժողովրդական քվեարկությունը, քանի որ իշխանությունները, նրա խոսքով, ամեն ինչ արդեն որոշել են` ինչքան մարդ է մասնակցելու, ինչ տոկոսն է կողմ քվեարկելու:
Փորձագետների կարծիքով, հիմնականը սահմանադրական փոփոխությունների փաթեթում նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ է տալիս գործող նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվել 2024 և 2030 թվականներին:
Էլլա Պանֆիլովան սրա հետ համաձայն չէ. – «Դրա համար չէ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն առաջարկել է այս փոփոխությունները: Սա շատ պարզունակ կարծիք է, այդ մարդիկ ընդհանրապես չեն ճանաչում Պուտինին: Նա նույնիսկ այս քվեարկության կարիքը չուներ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների փաթեթն արդեն ընդունված է, և համաժողովրդական քվեարկությանն ամենևին պարտադիր չէր»: