Երեկ տեղի է ունեցել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։
Մնացականյանը և Ռիքերն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կառուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում Մնացականյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների հետընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնել է, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում:
«Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակում համագործակցության համատեքստում Մնացականյանը ներկայացրել է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը:
Մնացականյանը և Ռիքերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: