ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԵԿ աշխատակից

Լուսանկարը` ԱԱԾ-ի տեսանյութից

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից Ն. Պ.-ն:

Ըստ ԱԱԾ-ի` զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը` նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով իրականացնել հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայն չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:

Ավելին` միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության` վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական դրամ կաշառք:

Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական դրամ գումարներ:

Հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը հաստատող սարքավորումներ, բժշկական նյութեր, այդ ծառայությունից օգտված հաճախորդների անհատական ցուցակներ: Պարզվել է նաև, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գործող մի շարք համայնքներում տարբեր անձինք, ըստ ԱԱԾ-ի, կոպիտ կերպով խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, տարիներ շարունակ, առանց հարկային մարմնում գրանցվելու և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել են լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ փաստը թաքցնելու կամ հովանավորչության համար, յուրաքանչյուր ամիս տարբեր չափերի կաշառք են տվել պաշտոնատար անձանց:

2020թ. հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: