Մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչները բողոքում թաղամասում թափառող շներից. սրանք ցերեկները շրջում են այգիներով ու բակերով, ինչի պատճառով շատերը երեխաներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ, իսկ գիշերները շների հաչոցը խաթարում է բնակիչների հանգիտը:
Նվարդ Հովհաննիսյանը դիմել էր քաղաքապետարան. – «Քաղաքապետարանը ինձ ուղղորդեց Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, այնտեղից ինձ ասացին, որ իրենք զբաղվում են միայն շների ստերջացմամբ, որ շների հաչոցը դա իրենց հաղորդակցման միջոցն է, և իրենք այդ հարցով ոչինչ չեն կարող անել»:
«Դուք շուն գիտե՞ք, որը չի հաչում: Միայն նրա համար, որ հաչում ա, վերցնենք տանե՞նք», - տարակուսում է կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը: - «Եթե ձեզ դուր չի գալիս շան ներկայությունը, դա դեռ հիմք չի, որ մենք շանը այդտեղից տեղափոխենք: Շունը տեղափոխվում է, եթե ինքը ունի հիվանդություններ»:
Սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում են, որ վերջին շրջանում Երևանում շատացել ու ակտիվացել են թափառող շները:
Աղաբեկյանը վստահեցնում է, որ այս պահին հարցի լուծման միակ տարբերակը ստերջացումն է: Սպանդը բացառվում է. թափառական շները քնեցվում են միայն այն ժամանակ, երբ անբուժելի հիվանդ են կամ հարձակում են գործել:
Շներից վախեցողներին Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենը հորդորում է. – «Սիրեք շանը»:
Մարիամ Մացակյանը, իր ամուսինը և դուստրերը խնամում են փողոցում մնացած ութ շների: Իրենց տան պաշտպան երկու շներին նույնպես փողոցից են գտել` վիրավոր ու հալածված: Տան շներ են եղել, ինչ-որ պահին այլևս տերերին պետք չեն եղել:
Անօթևան շների հարցը լուծում չի ստանում նաև տնային շներին դուրս նետելու պատճառով: «Դինգո» կենտրոնում, հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի փոխանցամբ, շների մի մասը մարդու կողմից խեղված ու դուրս շպրտված կենդանիներ են:
Հովսեփյանի կարծիքով, խնդրի լուծման ճանապարհներից մեկը տներում շների բուծումն արգելելն է. – «Պետք է միայն լիցենզավորված ակումբները կարողանան բուծել»:
Խնդրի լուծումներից է համարվում նաև կացարանի տարբերակը: Թեպետ կենդանասերներն այնքան էլ հակված չեն այս մոտեցմանը, քաղաքապետարանում այսօր թեման քննարկվում է:
Անպատասխան հարցերը դեռ շատ են, քաղաքային իշխանությունը կողմերից համբերություն և համերաշխություն է ակնկալում: Ասում են` սպասեք ևս մի հինգ տարի, և թափառող շների հարցը կլուծվի, պաշտպանված կլինեն և' շները, և' մարդիկ: