Ֆրանսիայում ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մասնակցում է քվեարկությանը, 28 հունիսի, 2020թ.

Ֆրանսիայի ավելի քան 5 հազար բնակավայրերում այսօր մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որի անցկացումը հետաձգվել էր շուրջ երկու ամսով։ Քվեարկության առաջին փուլը կայացել էր երկրում կարանտինային խիստ սահմանափակումների ներդրումից մեկ օր առաջ՝ մարտի 15-ին։

Այսօրվա ընտրություններն ընթանում են համաճարակաբանական խիստ կանոնների պահպանության ֆոնին։ Մասնավորաբար, սահմանափակվել է տեղամասերում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը։ Դրան էլ գումարած ընտրողները պարտավոր են քվեաթերթիկներում նշումներ անել տնից բերված անհատական գրիչներով, ընտրատեղամասերի տարածքում էլ դիմակ կրելը պարտադիր է։