Չինաստանի խորհրդարանում այսօր մեկնարկել են երկրի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովմանը միտված վիճահարույց օրինագծի քննարկումները։
Չինաստանի պաշտոնական «Սինխուա» լրատվական գործակալության տեղեկություններով` պատգամավորները այս օրինագիծը վերջնականապես կհաստատեն մինչև հունիսի 30-ը։ Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին օրինագծի համաձայն` ընդլայնվում են պաշտոնական Պեկինի՝ հատուկ վարչական շրջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունները։ Բացի այդ, օրենսդրական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս Հոնկոնգի տարածքում հատուկ վարչական մարմին ստեղծել, որն ուղղակիորեն կենթարկվի Չինաստանի կենտրոնական իշխանություններին։
Մեծ Բրիտանիան, որի ենթակայության տակ էր գտնվում Հոնկոնգը մինչև 1997 թվականը, արդեն իսկ հայտարարել է, որ ներկայացվող նախագիծը հակասում է 1980-ականներին «Մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքի հիման վրա Պեկինի և Լոնդոնի միջև կնքված համաձայնագրի ոգուն։ Այդ պայմանագիրը ապահովում էր Հոնկոնգի ներքին ինքնավարությունը՝ բացառելով Պեկինի անհարկի միջամտությունը վարչական շրջանի գործերին։