ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ չորս ու կես ամիս առաջ ամերիկահայկական ազդեցիկ լոբբիստական կառույներից մեկի ղեկավարը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանն ու Վրաստանը կարող են միասին ստանալ ամերիկյան օժանդակությունը։
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանն «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օգնության ծավալները կաճեն. - «Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները ամեն օր բարելավվում են։ Կա կոնգրեսական Ջեքի Սփիերի օրենսդրական նախաձեռնությունը՝ 200 միլիոն դոլար օժանդակություն հատկացնել Հայաստանին, որպեսզի երկիրը լրացուցիչ օգնություն ստանա։ Կարծում եմ, Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օժանդակությունը կաճի։ Կցանկանայի տեսնել մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Վրաստանը միասին են ստանում ամերիկյան օժանդակություն։ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են։ Ուստի հարկավոր է ունենալ հայ-վրացական համատեղ, անդրսահմանային նախագծեր։ Freedom House-ը ճանաչեց Հայաստանի ձեռքբերումները ազատ ժողովրդավարության կայացման գործում։ Որքան Հայաստանը հավատարիմ մնա այս սկզբունքներին, ամրապնդվի օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը... այս ամենը շատ կարևոր են, Հայաստանը կշարունակի ընթանալ մի ուղղությամբ, որն ի վերջո դրական արդյունքի կհանգեցնի ԱՄՆ-ից ու Եվրոպայից օժանդակություն ստանալու գործում»։
Ըստ Բարսամյանի, հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան - Միացյալ Նահանգներ հարաբերությունների էական բարելավման համար ժամանակ է հարկավոր. - «Կարծում եմ, ժամանակ է պահանջվում, որպեսզի հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո փոխվեն Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Մարդիկ ԱՄՆ-ն համեմատում են ավիակրի հետ, որը դանդաղ է փոխում իր ուղղությունը, և դրա համար ժամանակ է հարկավոր։ Կարծում եմ, մենք հիմա այդ փուլում են։ Քաջալերող եմ համարում նախորդ շաբաթներին տեղի ունեցածը, երբ Հայաստանը միացավ կրոնական ազատության միջազգային դաշինքին, ուր Միացյալ Նահանգներն է բազմաթիվ այլ երկրների հետ։ Նման քայլը համարում եմ հուսադրող, որովհետև Հայաստանում ազատ հասարակություն է, մարդիկ կարող են դավանել այն կրոնը, որը ցանկանում են։ Հայաստանը ցույց է տալիս, որ ապահով երկիր է, ուր մարդիկ կարող են այցելել։ Օրինակ, կարծում եմ, ներկայում բազմաթիվ ամերիկացիներ ձեռնպահ են մնում այցելել Թուրքիա կամ Բաքու, որովհետև վստահ չեն, թե ինչ կպատահի, եթե պարզապես քայլեն փողոցով»։
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը կարծիք հայտնեց, որ գալիք տարիները որոշիչ են լինելու ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար. - «Վստահ եմ, որ գալիք չորս տարիները որոշիչ են լինելու Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, թույլ է տալիս կարծել, որ ԱՄՆ նոր նախագահը՝ Թրամփը թե Բայդենը, կճանաչեն ցեղապանությունը։ Հուսով եմ, Բայդենը առաջիկա ամիսներին կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Կարևորն այն է, որ կարգադրի ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այն դարձնել ամերիկյան քաղաքականության մաս, որպեսզի աշխարհով սփռված ամերիկյան դիվանագետները, Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարողանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տեղի ունեցածը ցեղասպանություն կոչել։ Մտահոգիչ է սակայն, որ Թուրքիան նոր կառույց է ստեղծում, որին նախագահ Էրդողանը հորդորեց հակազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Սա դագաղի վերջին մեխն է։ Նրանք տեսնում են, որ այժմ ողջ աշխարհը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և հուսահատ կերպով փորձում են կասեցնել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ չափազանց ուշ է և նրանք գիտեն այդ մասին»։