«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ իշխան Սաղաթելյանը հանդիպել և քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը:
Ընդդիմադիր երեք կուսակցությունների տարածած հայտարարությունում հստակ նշված չէ, թե ինչ են նախատեսում առաջիկայում համատեղ մշակվելիք գործողությունների ծրագիրն ու ճանապարհային քարտեզը:
«Ազատության» հետ զրույցում Արթուր Վանեցյանը չմանրամասնեց, թե ինչ են քննարկել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ: Ասաց միայն, որ վերջին շրջանում նրա հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, դրանց ընթացքում քննարկվում են նաև երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները:
«Ներքաղաքական իրավիճակը վերջին շրջանում ոչ միայն մեր գնահատմամբ, այլև հանրության լայն շերտերի գնահատմամբ, եթե մեղմ որակենք` աննորմալ է: Քաղաքական իրավիճակի հետ կապված ընդհանուր մտահոգություններ ունենք մենք, մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Կլինել քաղաքական կոնսուլտացիաներ», - հավելեց Վանեցյանը:
Հարցին, թե արդյոք իրենց օրակարգում ընգրկել են հանրահավաքների անցկացումը, նա արձագանքեց. – «Քանի դեռ գործում են արտակարգ դրության սահմանափակումները, չեմ կարծում, որ կլինեն հանրահավաքներ: Բայց քաղաքական գործընթացներում հանրահավաքները դա այն գործիքակազմն է, որից մենք ևս կօգտվենք»:
«Բարգավաճ Հայաստանից» որևէ մեկի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց:
Իսկ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատությանն» ասաց, որ կմշակվի գործողությունների ճանապարահային քարտեզ, ինչից հետո ստեղծված աշխատանքային խումբը մանրամասներ կհրապարակի. - «Բազմաթիվ առաջարկներ կան, բազմաթիվ գաղափարներ կան, բայց քանի դեռ սա երեք կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից չեն ընդունվել, ճիշտ չի դրա մասին խոսելը: Մենք չենք բացառում նաև հանրահավաք կազմակերպելու գաղափարը, բայց այս պահին որևէ որոշում չունենք»:
Թե՛ Իշխան Սաղաթելյանն ու թե՛ Արթուր Վանեցյանն «Ազատության» հետ զրույցներում չբացառեցին հանրահավաքների կազմակերպումը։ ԲՀԿ առաջնորդ, այժմ ընտրակեղծիքների գործով մեղադրվող Գագիկ Ծառուկյանը ևս օրեր առաջ խոսել էր ժողովրդի ընդվզման մասին` հայտարարելով, թե 3 ամիս հետո սով է լինելու։
Խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանն այսօր արձագանքել է այս հայտարարություններին. – «Դուք մեզ էկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում... դուք էկեք մեզ փողով վախեցրեք, դուք էկեք վախեցրեք մեզ ձեր թալանելու կարողությամբ, դուք էկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով... Դուք էկել եք մեզ հանրահավաքով վախեցնե՞ք... Այ քեզ բա~ն»:
Կառավարության կազմի 100 տոկոսի փոփոխության պահանջով հանդես եկած Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված (ընտրակաշառք տալը կազմակերպելու) մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում։ Իշխող ուժից արձագանքել են այսպես. Ծառուկյանն այդ հայտարարություն արել է, երբ տեղեկացել է իր դեմ հարուցվող քրեական գործի մասին։
Այս գործով, ի աջակցություն Ծառուկյանի, նախորդ շաբաթ դատարանի բակում էր նաև Արթուր Վանեցյանը, որն անցած տարի ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ ամսիներ անց ընտրվեց նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության նախագահ։ Իսկ 2018-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ 5 տոկոսի շեմը չհաղթահարած դաշնակցությունն այսօր արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում։
Երեք ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հաղորդագրությունից հետո դաշնակցական Իշխան Սաղաթելյանն ու երբևէ քաղաքականությամբ չզբաղված, բայց այսօր նորաստեղծ կուսակցություն ղեկավարող ԱԱԾ նախկին տնօրեն, Արթուր Վանեցյանն ասացին, որ իրենց համախմբել է երկրի ներքաղաքական իրավիճակը։