Կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը խախտել է ինքնամեկուսացման կանոնները, քրգործ է հարուցվել

Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Քաղաքացուց երեկ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ երեկ էլ տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ և պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և /կորոնավիրուս/ հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել:

Ըստ դատախազության` պարզվել է, որ քաղաքացին Աբովյանի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից ավտոմեքենայով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ ըստ ահազանգի` իրականացրել է տաքսի ծառայություն:

Նրա թեստի դրական պատասխանը փաստացի 2 օր առաջ հաստատվել է, նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների վերաբերյալ, և տրվել է տեղեկատվություն իր և ընտանիքի անդամների ինքնամեկուսացման մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի 1-ին մասով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):