Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը որոշել է կարճել նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործի դատաքննությունը։
Վաշինգտոնի դատարանն այս վճիռը հրապարակել է չորեքշաբթի երեկոյան՝ հրահանգելով առաջին ատյանի դատարանին դադարեցնել Ֆլինին ներկայացված մեղադրանքների քննությունը։
«Վաշինգտոնի դաշնային դատարանը պետք է բավարարի արդարադատության նախարարության՝ Ֆլինի գործի քննությունը դադարեցնելու պահանջը», - նշված է Վերաքննիչ դատարանի վճռում։
Մայիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հրահանգել էր դադարեցնել Ֆլինի գործի քննությունը՝ չնայած պաշտոնաթող գեներալը խոստովանել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին կեղծ տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին։