Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում ավելի շատ արտադրել դեքսամետազոն, որն ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ու բժիշկների, էականորեն կրճատում է մահվան հավանականությունը ծանր վիճակում գտնվող Covid-19-ով հիվանդների մոտ։
Կլինիկական փորձարկումերի ժամանակ, մասնավորապես, հաստատվել էր, որ բավական էժան և հասանելի այդ դեղամիջոցը կարող է 28-40 տոկոսով ավելացնել արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների ապրելու հնարավորությունը։
Դեքսամետազոնը գործածության մեջ է ավելի քան 50 տարի և կիրառվում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի, թոքերի քրոնիկ հիվանդությունների բուժման համար։ ԱՀԿ-ն զգուշացնում է՝ այն պետք է ընդունել միայն ծանր դեպքերում և բժիշկների հսկողությամբ։