Ֆաուչի․ Ամերիկան դեռ չի վերահսկում համաճարակը

Ամերիկյան տասնյակ նահանգներում, այդ թվում՝ Կալիֆորնիայում, Տեքսասում, Արիզոնայում և Ֆլորիդայում կորոնավիրուսի օրական դեպքերը զգալի ավելացել են, որոշ դեպքերում արձանագրվում են աննախադեպ բարձր ցուցանիշներ՝ համաճարակի բռնկումից ի վեր։

«Սա շատ վտանգավոր միտում է», - զգուշացրել է երկրի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին՝ ելույթ ունենալով կոնգրեսական հանձնաժողովում։

Համաճարակաբանության ազգային ինստիտուտի տնօրենը նշել է՝ առաջիկա երկու շաբաթները առանցքային նշանակություն ունեն, և ցույց կտան՝ որքանով է Ամերիկան ունակ հաղթահարել այս նոր մարտահրավերը։

«Կա գործողությունների երկու սցենար՝ ա. չլինել մարդաշատ վայրերում, բ. լինելու դեպքում դիմակներ կրել», - ընդգծել է դոկտոր Ֆաուչին, զգուշացնելով՝ անձամբ ինքը չի հավատում, որ հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ գտնել մինչև այս տարեվերջ։