«Մինչ օրս 1200 տնտեսվարողի ենթարկել ենք տույժերի». ՍԱՏՄ ղեկավար

Մինչ օրս հակահամաճարակային կանոնները խախտելու համար 1200 տնտեսվարող ենթարկվել է տույժերի, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հաղորդումից.

«Ազատություն». - Պարոն Ավետիսյան, առայսօր քանի՞ սննդի օբյեկտ է փակել ՍԱՏՄ-ն, և հիմնականում որո՞նք են պատճառները: Եղե՞լ են, որ աշխատանքը կասեցնելուց անմիջապես հետո նորից վերաբացվեն, այսինքն՝ անտեսեն արգելքը:

Ավետիսյան. - Ասեմ, որ մենք մեր գործունեությունը ծավալում ենք մարտի 19-ից սկսած, էդ ժամանակվանից մինչև հիմա մոտ 15 հազար տնտեսվարողի մոտ շրջայց ենք իրականացրել, բայց սկզբնական ժամանակաշրջանում սանկցիաներ չէինք կիրառում, մայիսի 7-ից սկսեցինք արդեն խիստ կիրառել՝ մեկօրյա, երկօրյա կամ նույնիսկ մեկ շաբաթվա փակումներով: Էս ընթացքում մենք մոտ 1200 տնտեսվարողի ենթարկել ենք տույժերի, այսինքն՝ 24 ժամից սկսած մինչև 72 ժամ ենթարկել ենք փակման: Միայն այսօրվա մեր թիվը կազմում է 200:

«Ազատություն». - Պարոն Ավետիսյան, Դուք առաջարկել եք պարետատանը, որ տնտեսվարողների նկատմամբ տուգանքները խստացնեն, ի՞նչ նկատի ունեք, և արձագանքն ինչպիսի՞ն է:

Ավետիսյան. - Դեռ արձագանք չկա: Նկատի ունեմ, որ պետք է արդեն ֆինանսական մեծ տույժեր կիրառենք, որովհետև տնտեսվարողներ կան, որոնք, ժողովրդական լեզվով ասած՝ խելքները գլուխները չեն հավաքում և շարունակում են փակելուց հետո աշխատել: Դրանք հիմնականում նարգիլեանոցներն են: Նարգիլեն խստիվ արգելվում է, որովհետև հենց առաջին աղբյուրն է հիվանդության տարածման:

«Ազատություն». - Նկատի ունեք, որ ֆինանսական մեծ տույժե՞ր արդեն պետք է լինեն, որպեսզի տնտեսվարողները «խելքները գլուխները հավաքեն»:

Ավետիսյան. - Ես կարծում եմ՝ միանշանակ ֆինանսական մեծ տույժերը կարող են հետ պահել, որովհետև փակումները ոչ բոլորին են հետ կանգնեցնում: Կան մեծ ռեստորաններ, որոնց իմաստը կայացել է մեծ խնջույքներ իրականացնելու մեջ, սրանք առօրյա չեն սպասարկում հաճախորդներին, այլ իրականացնում են միջոցառումներ, նման ռեստորաններին փակելով մենք կարող է փակենք հենց էդ մի օրը, որ օրը չունեն պատվեր:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.