Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ:
Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ Ժոնաթան Լաքոթն իր խոսքում ասել է. «Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»:
Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:
«Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:
Հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում։