Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քննչական կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:
Դեպքի առթիվ հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993 թվականին Քասախ համայնքի Ռ. Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17 քմ. եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:
Համաձայն հաղորդագրության, այնուհետև վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015-ին բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ համայնքի՝ վերոնշյալ բնակչի կողմից ապօրինի կառուցված՝ Ռ. Սաֆարյան 8-րդ հասցեում առկա 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել ՀՀ ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխարգելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը:
2020 թվականին տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
Նախաքննությունը շարունակվում է: