Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։
Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել Առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։
«Նվիրատվության համար շնորհակալություն ենք հայտնում "ВИВА" բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին», - ասված է Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում 20 հազար 588 է, մահացել է 360 մարդ, բուժվել է 9 հազար 131-ը, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին երկրում բուժվում է 10 հազար 980 մարդ: