Դատախազությունը բողոքարկելու է Ծառուկյանի կալանքը մերժելու դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ այդ գրառման` դատախազությունը համարում է, որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, և ըստ այդմ դատախազությունն այն բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։

«Միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածի հետ, այսինքն` դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է, այլ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին», - գրել է Աբրահամյանը։

Դատախազության գնահատմամբ, ինչպես նա է հայտնել, դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանի «փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Այս օրերին դատարանը քննում էր կալանքի հարցը: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ծառուկյանը երեքշաբթի օրը խորհրդարանի որոշմամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։