Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել, դատարանի սահմանած գրավը վճարվել է

Վերաքննիչ դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Այս մասին հայտնում է Քոչարյանի գրասենյակը:

Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Համաձայն հաղորդագրության, 2 մլրդ դրամ գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների և բարերարների, ինչպես քաղաքացիների աջակցությամբ։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին վերաքննիչը որոշեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով: