«Մի սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությունը որոշակի հաջողություններ է արձանագրում

Հայտնի է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են թե' հրատարակչան գործընթացները, թե' տպագրվող գրքերի քանակը և վաճառքը: Բայց, ահա պարզվում է, որ համավարակի այս ամիսների ընթացքում զգալիորեն ավելացել է նաև էլեկտրոնային հարթակներում գրքերի անօրինական տարածումը և անգամ վաճառքը:

Սա էլ առիթ հանդիսացավ մի ուշագրավ նախաձեռնության, որով Հայաստանում գործող առաջատար հրատարակչությունները միավորվեցին և այս երևույթի դեմ սկսեցին մի արշավ «Մի սպանիր վաղվա գիրքը» խորագրի ներքո:

Ինչպես նշված է հրատարակչությունների տարածած հայտարարության մեջ, այս նախաձեռնությունն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամ հայաստանյան հրատարակչությունները միավորվում են՝ համատեղ ջանքերով իրականացնելու կրթադաստիարակչական կարևոր արշավ: Խոսելով մտավոր սեփականության բնագավառում կատարվող օրինախախտումների մասին` հրատարակիչներն ընդգծում են, որ այս արատավոր երևույթի շնորհիվ խախտվում են ոչ միայն հեղինակների և հրատարակիչների հեղինակային իրավունքները, այլև, նվազում է նոր գրքեր ստեղծելու մոտիվացիան:

Թեմայի շուրջ «Ազատությունը» զորւցել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Նիկողոսյան. – Համավարակի շրջանում քանի որ շատ մարդիկ մեկուսացան, և իրենց ժամանակը լցնելու գլխավոր միջոցը մնում էր գիրքը, բնականաբար սկսվեց արագ ձգտում դեպի գիրքը, որը արտահայտվեց Երկու շատ կարևոր միտումով Հայաստանում: Առաջինը սկսեցին շատ պատվիրել գրքեր գրախանութներից, շատ մեծ թափ առան գրքի առաքման ծառայությունները, որը շատ լավ բան է: Բայց, մյուս կողմից, սկսվեց մի շարժում, երբ որ հատկապես դեռահասներ իրենց հեռախոսներով կամ տարբեր սքան անող սարքերով թվայնացնում էին գիրքը և մեյլերով ու տարբեր միջոցներով բաժանում էին միմյանց. Ֆեյսբուքում ստեղծում էին խմբեր, Ինստագրամում ստեղծում էին էջեր, հավաքում էին հետևորդներ և այդ աշխատանքը նվիրում էին իրար: Ավելին, գտնվեցին նաև որոշ «շուստրիներ», որոնք փորձեցին այդ իրավիճակից ֆինանսական օգուտներ քաղել:

«Ազատություն». - Կարո՞ց ենք ասել, որ սա համավարակի բացասական ազդեցությունն էր:

Նիկողոսյան. – Կարելի է ասել: Առաջին հայացքից, սրա մեջ լավ բան կա, մարդիկ ձգտում են գիրք կարդալ և օժանդակում են միմյանց: Բայց երբ որ խնդրին նայում ենք արդեն խորքային` գրքի հրատարակման պրոցեսից սկսած, սա դառնում է իսկական աղետ: Որովհետև այդ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, որ յուրաքանչյուր առավել ևս նոր լույս տեսած ու առավել ևս թարգմանական գրքի հետևում մեծ ծախսեր են և շատ մարդիկ են աշխատում: Առաջինը, սա նշանակում է տարրական հարգանք չդրսևորել, օրինակ, թարգմանական գրքի հետևում կանգնած թարգմանչի, խմբագրի, սրբագրիչի, հրատարակչի, հրատարակչատան այն բոլոր աշխատողների, որոնք ձեռք են բերում հեղինակային իրավունքներ, դիզայների, մնացած բոլորի աշխատանքի հանդեպ: Սա բարոյական իմաստով: Բայց կա նաև հարցի շատ ավելի կոնկրետ կողմը. Հայաստանում հրատարակիչները բարեգործներ չեն, և կատարելով նաև դաստիարակչական, մշակութաբանական, գեղագիտական շատ կարևոր աշխատանք, հայաստանյան հրատարակիչները նաև հույս ունեն այդ գումարները ինչ-որ չափով հետ բերելու, որպեսզի կարողանան ապագայում ևս նոր գրքեր հրատարակել:

Նիկողոսյանը հարցի երկու լուծում է տեսնում. – «Առաջինը իրավական, որովհետև թե' մեր օրենսդրությունը, թե' միջազգային օրենսդրությունը հնարավորություն են տալիս դատական գործեր բացել, իրավական պատասխանատվության ենթարկել մարդկանց:

«Ազատություն». – Ինչ-որ արդյունքներ արդեն գրանցե՞լ եք:

Նիկողոսյան. – Ես, օրինակ, արդեն փակել եմ տվել մի խումբ, որտեղ շատ ակտիվ տարածվում էին PDF գրքեր: Դա կարողացել եմ անել հիմնականում կամ բացառապես բացատրական աշխատանքի շնորհիվ: Մեր իրականության մեջ ոչ միայն դեռահասները, անգամ հենց իրենց գրողների, թարգմանիչների մեջ չկա էդ իրավագիտակցությունը, թյուր են պատկերացումները հեղինակային իրավունքի մասին: Երբ որ իրազեկեցինք, տարբեր լայվեր եղան, հրատարակիչների կողմից քարոզչական աշխատանք կատարվեց, ստացել ենք շատ-շատ նամակներ, փակվել են տարբեր էջեր, որտեղ իրենք նաև խոստովանել են, որ չեն իմացել, որ պարզապես չի կարելի:

Your browser doesn’t support HTML5

«Մի սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությունը որոշակի հաջողություններ է արձանագրում