Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ ինքնամեկուսացածների քարտեզ է հրապարակել:
«Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ», - գրում է Թորոսյանը:
Հայաստանում, այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18 հազար 698-ի, նրանցից 7 հազար 560-ն ապաքինվել են, մահացել է 309 մարդ: Կորոնավիրուսով վարակված ևս 101 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 728 մարդ, շատերը՝ տնային պայմաններում:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ նշվեց, որ վարակման օջախները հիմնականում բակերն են, այն հասցեները, փողոցները, որտեղ դեպքեր են եղել։ Արսեն Թորոսյանը նիստի ժամանակ մասնավորապես ասաց. - «Վերլուծությունները իրոք ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումներ կան մոտ հասցեների և փողոցների, նույն փողոցում եղած դեպքերի: Եվ էս հարցը այնքանով է կարևոր, որ մենք փաստացի կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում հնարավորություն ունենք, մեծ հնարավորություն ունենք վերահսկելու դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահելը, բայց բակային և նաև այսպես կոչված այնպիսի թաղամասերում, որտեղ որ տնտեսական գործունեությունը մեծ չի, <...> որտեղ որ մարդիկ պարզապես իրենց տներն են գտնվում, շատ դժվար է լինում էդ վերահսկողությունը իրականացնել: Եվ էստեղ ես չեմ պատկերացնում այլ գործիք, ինչքան ուզում է ոստիկանական ուժերը մեծացնենք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը»: