Ericsson-ը և Team Telecom Armenia-ն ծրագրում են Հայաստանում կառուցել նոր ցանցային համակարգ

Team Telecom Armenia և Ericsson ընկերությունները այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նոր էջ է բացում Հայաստանի հեռահաղորդակցության և թվային ծառայությունների մատուցման շուկայում։ Այս մասին հայտնում է Team Telecom Armenia-ի տեղեկատվական կենտրոնը:

Հեռահար ստորագրումից հետո Ericsson ընկերության տարածաշրջանային ղեկավար Յարոսլավ Նիցակը, մասնավորապես նշել է, - «Մենք ուրախ ենք մտնելու համագործակցության փուլ TEAM Telecom Armenia-ի հետ և աջակցել՝ բերելով նորարար ծառայություններ և լուծումներ Հայաստան։ Ձեր երկիրը ունի տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալ, իսկ մեր համագործակցությունը կարող է բացել թվային վերափոխման նոր ուղիներ նորարարությունների ներդրման միջոցով։ Այս օրերին ցանցերի որակն ու հուսալիությունը դարձել են դրանց կարևորագույն բնորոշիչը։ Էրիքսսոնը, որպես տեխնոլոգիական առաջատար, պատրաստ է կիսվել իր փորձառությամբ կառուցելու համար հզոր և հուսալի ցանցային համակարգ, որի շնորհիվ բաժանորդները կստանան առաջատար ծառայություններից օգտվելու լավագույն հնարավոր տարբերակը»։

Հայկ Եսայանն էլ իր հերթին, նշել է, որ վաղվա առաջադեմ լուծումների ներդրումը Հայաստանում վստահաբար պետք է ծառայի բաժանորդներին տարիներ շարունակ և ապահովի սպառողին մշտապես համահունչ քայլել աշխարհի ամեն օր փոփոխվող տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում։

«Հատկանշական է, որ դեռ 11 տարի առաջ, մենք առաջին համագործակցությունը հենց Էրիքսսոնի հետ սկսեցինք, և այսօր էլ նորաստեղծ կազմակերպությունը սկսում է առաջին համագործակցությունը նույն Էրիքսսոնի հետ։ Վստահ եմ՝ Team-ը Էրիքսսոնի օգնությամբ կկառուցի աշխարհի լավագույն ցանցերից մեկը», - նշել է Հայկ Եսայանը։

Հուշագիրը ենթադրում է երկարատև համագործակցություն նոր սերնդի ցանցերի, IoT ծառայությունների ներդրման և նպատակային կառավարման և մի շարք այլ ուղղություններով, ինչպես նաև տրամադրվելու է տեխնոլոգիական և մասնագիտական օժանդակություն հենքային, ռադիո և տրանսպորտային ցանցերի կառուցման կառավարման ուղղություններով և Հայաստանում LTE Advance Pro նորագույն ցանց կառուցելու համար։