ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել Բոլթոնի գրքի լույսընծայումը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հեղինակած գիրքը լույս չտեսած հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հարուցելով Դոնալդ Թրամփի վարչակազմի զայրույթը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ հայցում պնդելով, որ Սպիտակ տան նախկին պաշտոնյան իր 500-էջանոց ձեռագիր հուշերում, խախտելով աշխատանքային պայմանագիրը, որը ստորագրել է աշխատանքի ընդունվելիս, գաղտնազերծել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն: «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» վերտառությամբ գիրքը գրախանութներում պետք է հայտնվի հունիսի 23-ից, մինչդեռ ամերիկյան իշխանությունները դատարան ներկայացրած հայցադիմումում պահանջում են չեղարկել գրքի հրատարակումը և ձեռագիր տարբերակը հանձնել ստուգման:

Գիրքը հրատարակող ամերիկյան Simon & Schuster առաջատար հրատարակչությունը, դատապարտելով կառավարության հայցադիմումը, Բոլթոնի հուշերը բնութագրել է որպես «մի գիրք, որը Դոնալդ Թրամփը չէր ցանկանա, որ դուք ընթերցեիք»:

Բոլթոնի փաստաբան Չարլզ Քուփերի խոսքով՝ դեռևս ապրլին Ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչն իրեն վստահեցրել է, որ ձեռագիր հուշերը ստուգվել են, և որևէ առարկություն չկա:

Անցած տարվա սեպտեմբերին նախագահի հետ տարաձայնությունների ֆոնին հրաժարական տված Ջոն Բոլթոնը պաշտոնավարել է 18 ամիս՝ դառնալով Սպիտակ տան ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը, որը համալրել է Թրամփի վարչակազմը անսպասելիորեն լքած գործիչների պատկառելի ցանկը: Այդ պաշտոնանկությունն ուղեկցվել է Բոլթոնի և նախագահ Թրամփի փոխադարձ մեղադրանքներով։ Նախկին ենթակայի հասցեին Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը նոր թափ հավաքեց, երբ հայտնի դարձավ, որ Բոլթոնը պատրաստվում է իր հեղինակային գրքում պատմել նախագահական աշխատակազմում անցկացրած մեկուկես տարվա ժամանակահատվածի մասին, ընդ որում՝ ծայրաստիճան բացասական երանգներով, քաոսային որակելով վարչակազմի գործունեությունը, որը, ըստ նրա, թույլ է տվել բազմաթիվ իրավախախտումներ՝ այդ թվում Ուկրաինայի հարցով:

Գրքի ձեռագիր տարբերակն ընթերցած անձանց փոխանցմամբ, որոնց հետ The Wall Street Journal պարբերականն է զրուցել, Բոլթոնը մասնավորապես պնդում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության սառեցումն ուղղակի կապ ուներ առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի նկատմամբ հետաքննությունն սկսելու՝ Դոնալդ Թրամփի պահանջների հետ: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը նաև գրել է, որ Թրամփն իրեն ասել է՝ չապասառեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային, մինչև այդ երկրի իշխանությունները չօգնեն հետաքննել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Բայդենի և նրա որդու գործունեությունը:

Առայժմ հստակ չէ՝ կհաջողվի արդյոք վարչակազմին խանգարել գրքի լույսընծայմանը և վաճառքին, քանի որ, իրավաբանների կարծիքով, այս դեպքում Բոլթոնի կողքին է խոսքի ազատության սահմանադրական իրավունքը:

Մինչ այդ, երկուշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում նախազգուշացրել է, թե հրապարակելով այդ հուշերը՝ Բոլթոնն օրենք կխախտի: