Շվեդիա․ Covid-19-ից մահացել է ավելի քան 5000 մարդ

Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, թե նոր կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերը գերազանցել են 5000-ի շեմը, ինչը էականորեն բարձր է հարևան երկրներում արձանագրված ցուցանիշից, և վատագույններից մեկն աշխարհում։

Շվեդիան նաև առաջինն է Սկանդինավյան երկրների մեջ կորոնավիրուսով վարակվածների թվով։ Երկրի իշխանությունները համաճարակի սկզբում հրաժարվել էին խիստ կարանտինից՝ բաց պահելով դպրոցներն ու ռեստորանները: Որոշ փորձագետներ պնդում էին, թե «հիվանդացության բարձր ցուցանիշը կարող է որոշակի իմունիտետ ստեղծել հասարակության մեջ»։

Երկրի գլխավոր համաճարակաբանը, սակայն, այսօր հայտարարել է, որ վիրուսի դեմ հակամարմինների մակարդակը «զարմանալիորեն շատ ցածր է»:

«50 հազար մարդու թեստավորելուց հետո պարզվել է՝ հակամարմիններ կան միայն 14 տոկոսի մոտ», - ասել է Անդերս Տեգնելը, հավելելով՝ մասնագետները առայժմ չեն կարողանում բացատրել դրա պատճառը։

Ավելի վաղ՝ արձագանքելով հարցին, թե որքանով էր ճիշտ կարանտին չհայտարարելը, Տենգելն ասել էր՝ եթե ստիպված լիներ որոշումն այսօր կայացնել, թերևս, այլ կերպ կվարվեր։ «Եթե մենք բախվեինք նույն հիվանդությանը՝ ունենալով այն գիտելիքները, որ առկա են այսօր, կարծում եմ՝ մենք կընտրեինք Շվեդիայի և մնացյալ աշխարհի ընտրած տարբերակների ոսկե միջինը», - ասել էր նա։