«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը հայտնում է , որ այս տարի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ առցանց անցկացված «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական 16-րդ մրցույթի է հաղթող է ճանաչվել ջութակահարուհի Դիանա Ադամյանը Հայաստանից:
Մրցանակների են արժանացել նաև մրցույթի 3-րդ փուլին մասնակցած երիտասարդ ջութակահարներ այլ երկրներից: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը տեղեկացնում է նաև, որ մրցույթի միջազգային ժյուրիի անդամները շատ բարձր են գնահատել այսպիսի մրցույթի անցկացումը՝ շեշտելով, որ 2020-ի մարտահրավերների պայմաններում մեծ սխրանք էր և խիզախում ստեղծված բարդ պայմաններում բարձր մակարդակով կյանքի կոչել երաժշտական այս ստուգատեսը:
«Սա լավագույնն էր, ինչ կարելի էր անել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կիրառմամբ», - ասել է իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
Ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի
Հայաստանի ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն Արման Ծատուրյանի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր նրա հետ չի կնքվել: Այսօր արդեն նրան կփոխարինի պատկերասրահի գիտական քարտուղար Մարինա Հակոբյանը:
Նոր տնօրեն ունի նաև Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը
Հենրիկ Իգիթյանի մահվանից հետո կենտրոնը երկար տարիներ ղեկավարում էր նրա եղբայրը՝ Լևոն Իգիթյանը: Նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և այսօրվանից նրան կփոխարինի մեր լավագույն արվեստագետներից՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հիմնադիր և ղեկավար Վահան Բադալյանը:
«Ազատության» հետ զրույցում Բադալյանն ասաց. – «Շատ պարտավորված եմ ինձ զգում և շատ երջանիկ, որովհետև 17 տարեկանից աշխատում եմ Կենտրոնում, 22 տարի արդեն էստեղ եմ: Միանշանակ նպատակներից ամենակարևորը Կենտրոնին, այն դարձնել համաշխարհային մակարդակի իսկական գեղագիտության կենտրոն: Իհարկե պատկերացնում եմ, թե ինչ բարդ աշխատանք է սպասվում ինձ: Բայց դա նախ ինձ շատ հետաքրքիր է, ու շատ ոգևորված եմ: Լավատեսորեն եմ տրամադրած ու իսկապես շնորհակալ եմ նախարարությանը` ի դեմս պարոն Հարությունյանի, որ էս պատասխանատու առաքելությունը իմ վրա է դրել: Կփորձեմ լավագույնս դա անել»: