Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ-ից:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, թե ինչ գործի շրջանակներում ԱԱԾ-ից չմանրամասնեցին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նշենք, որ Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով, Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար:

Մասնավորապես՝ դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին: